logo

Փյուզանդ Կասսաբյանը պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով

Օգոստոսի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվեցին ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ Աշոտ Աղաբաբյանը, բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիայի անդամ, բադմինթոնի եվրոպական միության գործադիր բյուրոյի անդամ, բադմինթոնի բալկանյան ասոցիացիայի և Բուլղարիայի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Փյուզանդ Կասսաբյանը, համահակյակական խաղերի Բուլղարիայի պատվիրակության անդամներ:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Սիրով ուզում եմ կատարել իմ հրամանը և հաշվի առնելով Փյուզանդ Կասսաբյանի՝ մարզական բնագավառում ունեցած ազգանվեր գործունեությունը, Հայապահպանությանն ու Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանն ուղղված նշանակալի ծառայությունները, Փյուզանդ Կասսաբյանին պարգևատրել ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով»:

Բուլղարիայի բադմինթոնի ֆեդերացիայի նախագահը շնորհակալություն հայտնեց բարձր պարգևի համար՝ առանձնացնելով այն մինչև օրս ստացած իր բազմաթիվ պարգևներից. «Ոսկե մեդալներ և բարձր մրցանակներ շատ եմ ստացել, բայց սպորտում ունեցած նվաճումների համար: Այս պարգևն առանձնապես թանկ է ինձ համար, որովհետև ազգասիրության, հայրենասիրության համար է»: Նա հավաստիացրեց, որ այսուհետ ավելի կսերտացնի կապը սփյուռքի նախարարության հետ:

Փյուզանդ Կասսաբյանը ծնվել է 1941 թ. հունվարի 12-ին Բուլղարիայի Խասկովո քաղաքում: 1970 թ. ավարտել է Պլովդիվի բժշկական ինստիտուտը, իսկ 1977 թ. Սոֆիայի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը: 1959-1989 թթ. մասնակցել է Բուլղարիայի ազգային յոթ սպարտակիադաների՝ թենիս, բասկետբոլ և բադմինթոն մարզաձևերից դառնալով Բուլղարիայի բազմակի չեմպիոն: Բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիայի կողմից արժանացել է հատուկ պարգևի՝ 12 անգամ աշխարհի առաջնություններին մասնակցելու համար:

2001 թ. ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի կողմից Փյուզանդ Կասսաբյանին շնորհվել է պատվավոր պրոֆեսորի կոչում: Նա Խասկովո քաղաքի պատվավոր քաղաքացի է, պարգևատրվել է Բուլղարիայի կառավարական պարգևով՝ «Սթառա Փլանինա» մեդալով: 2015 թ. բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիայի կողմից բադմինթոնի զարգացման գործում ունեցած երկարամյա զգալի ավանդի համար պարգևատրվել է հատուկ մրցանակով: Մեծ է նաև Փ. Կասսաբյանի վաստակը հայկական բադմինթոնի զարգացման գործում, մասնավորապես՝ 1996 թ. նա Բուլղարիայում կազմակերպել է ուսումնամարզական հավաքներ մեր մարզիկների համար, ինչի շնորհիվ մեր մարզիկները կարողացել են մասնակցել աշխարհի, Եվրոպայի և միջազգային մրցաշարերի: Փյուզանդ Կասսաբյանի շնորհիվ բադմինթոն մարզաձևը 2001 թվականից ընդգրկվել է Համահայկական խաղերի ցանկում, որին մշտապես Բուլղարիայից ներկայացուցչական պատվիրակությունն է մասնակցում:

Աղբյուրը՝ http://www.mindiaspora.am

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան