logo

Մարիետա Նիկոյան. «Սպորտն ունի իր կախարդական ուժը՝ այն օգնում է կյանքի յուրաքանչյուր ոլորտում լավագույնս հանդես գալ»

Մարիետա Նիկոյանն անցած տարի դարձավ Հայաստանի պատանեկան չեմպիոն և՛ մենախաղերում, և՛ զուգախաղերում՝ ընկերակցելով Մանե Ստեփանյանին: Իր այս ձեռքբերումից հետո Նիկոյանը կիսվեց իր տպավորություններով:
- Մի քանի տարի է՝ պայքարում ես Հայաստանի չեմպիոն դառնալու համար: Ի՞նչ ես զգում հիմա՝ երբ արդեն հասել ես նպատակիդ:
- Սկզբում, իհարկե, անհավատալի է թվում, քանի որ ամեն անգամ դուրս գալով եզրափակիչ, չեմ կարողացել նվաճել հենց չեմպիոնի տիտղոսը և համառ պայքարից հետո պարտվել եմ: Բայց յուրաքանչյուր պարտություն ավելի կատարելագործվելու, ավելի ուժեղ դառնալու ձգտում է ծնել իմ մեջ: Իսկ ինչ վերաբերում է հաղթանակից հետո ունեցած զգացողություններիս՝ կասեմ, որ ուղղակի հիանալի զգացում է զգալ հաղթանակի համը և հասկանալ, թե ինչքան դժվար, բայց միաժամանակ հետաքրքիր ճանապարհ եմ անցել մինչ օրս:
- Մինչև հիմա ո՞րն է ամենամեծ ձեռքբերումդ:
- Սպորտն ինձ տվել է անկոտրում լինելու հմտություն: Այն օգնում է ինձ յուրաքանչյուր դժվարությունից պատվով դուրս գալ: Նաև բադմինթոնի շնորհիվ ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ՝ թիմակիցներ, ովքեր դարձել են իմ երկրորդ ընտանիքը: Ընկերներ ունեմ նաև այլ երկրներից:
- Ո՞վ է քո ոգեշնչման աղբյուրը:
- Իմ պատկերացրած Մարիետա Նիկոյանն է իմ ոգեշչման աղբյուրը: Միայն մի բան կարող եմ ասել նրա մասին. նա առաջնորդվում է այս մտքով. «Եղիր ավելի լավը քան երեկ էիր, ոչ թե ավելի լավը, քան մյուսները»:
- Առջևում ի՞նչ ծրագրեր ու նպատակներ ունես:
- Այժմ պիտի մարզվեմ և սովորեմ առավելալագույնս լավ, իսկ ապագայում, հուսով եմ՝ կտեսնեմ ներկայիս նպատակների դրական արդյունքները: Ապագայում կցանկանամ շատ մասնակցել միջազգային մրցաշարերի, որտեղ ոչ միայն մեծ փորձ ձեռք կբերեմ, այլև կձգտեմ հաղթանակներ ունենալ և Հայաստանի անունը բարձր պահել: Նաև պիտի հաջող հանդես գամ Հայաստանի մեծահասակների առաջնությունում, քանի որ այս տարի վերջին անգամ էի խաղում պատանեկան առաջնությունում:

Մարիետան մարզվելուց բացի նաև սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսում: Այն հարցին, թե ինչպես է կարողանում համատեղել դասերն ու մարզումները՝ նա պատասխանեց.
- Իմ կյանքում մարզումները օգնում են դասերիս, իսկ դասերը՝ մարզումներիս: Մեկն առանց մյուսի պատկերացնելն անհնար է: Իհարկե շատ են եղել դեպքեր, երբ քննություններիս պատճառով բացակայել եմ մարզումներից, բայց դա ժամանակավոր բնույթ է կրել, և քննություններս վերջացնելուց հետո մարզվել եմ նույն տեմպերով: Եղել է նաև, երբ ծանրաբեռնված մարզումից հետո այնքան շատ է եղել ֆիզիկական հոգնածությունս, որ թվացել է՝ ուղեղս անզոր է աշխատել: Ի զարմանս ինձ՝ եկել եմ տուն ու «բումերանգի» պես ամեն ինչ արագ հասցրել եմ վերջացնել: Սպորտն ունի իր կախարդական ուժը՝ այն օգնում է կյանքի յուրաքանչյուր ոլորտում լավագույնս հանդես գալ:

 

Սկիզբ

Նորություններ

Պատմություն

Խաղի կանոններ

Ֆեդերացիայի նախագահ

Կենտրոններ

Ֆոտոալբոմ

Տեսադարան (YouTube)

Վետերաններ

Մրցանակակիրներ

Խաղերի օրացույց

Օգտակար հղումներ

Հետադարձ կապ

Արխիվ

...

© Հ.Մինասյան